ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Թողնենք՝ ժողովուրդը սեփական կամքով նորմալ ընտրություն կատարի»

«Թողնենք՝ ժողովուրդը սեփական կամքով նորմալ ընտրություն կատարի»
26.09.2008 | 00:00

ՆՈՐ ՆՈՐՔԸ ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ԴԱՐՊԱՍՆ Է
«Իրավունքը de facto»-ի հյուրը Նոր Նորքի գործող թաղապետ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ է, ով սեպտեմբերի 28-ի ընտրություններում ձգտելու է երրորդ անգամ անընդմեջ պահպանել համայնքի բնակիչների վստահության քվեն։
-Նոր Նորքը կամ, ինչպես երևանցիներս ենք ասում՝ Մասիվը, մայրաքաղաքի ցուրտ թաղամասերից է, և տեղի բնակիչների դարդն էլ, ձմռան մոտենալուն պես, ջեռուցումն է դառնում։ Թաղապետության վեց տարիների ընթացքում ի՞նչ եք արել՝ համայնքում տաք ձմեռ ապահովելու ուղղությամբ։
-Գիտեք, որ կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսվում է 2011 թվին ավարտել մայրաքաղաքի կրթական և սոցիալ-մշակութային հաստատությունների ջեռուցման աշխատանքները, սակայն մենք նախատեսում ենք դրանք ավարտին հասցնել արդեն 2010-ին, հիմնականում համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտներում։ Միայն վերջին երկու տարիներին 13 սոցիալ-մշակութային օբյեկտներ են ջեռուցվել բյուջեի եկամուտների հաշվին։ Ջեռուցվել են նաև համայնքի երաժշտական դպրոցը, Հայկանուշ Դանիելյանի անվան քաղաքային նշանակության երաժշտական դպրոցն ու գրադարանը։ Աչքաթող չեն արվել նաև հանրակրթական դպրոցները, և միայն 2007-ին դպրոցների ջեռուցման ծախսի 10 տոկոսները վճարվել են համայնքային բյուջեի միջոցներից։
-Որպես կանոն, հատկապես ձմռան ամիսներին Մասիվից քաղաք իջնելը դառնում է գլխացավանք՝ սառցակալած ճանապարհների պատճառով։ Ի՞նչ եք մտադիր անել դրությունը շտկելու ուղղությամբ, եթե երրորդ անգամ անընդմեջ դառնաք թաղապետ:
-Ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման գործում որոշակի դժվարություններ կան, որովհետև համայնքը գտնվում է Երևանի ամենաբարձրադիր ռելիեֆային գոտում՝ ծովի մակերևույթից 1430 մետր բարձրության վրա, և բնական է, որ ձմռան ամիսներին աղ ու ավազ ավելի շատ ենք օգտագործում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու համար, ուստի հետձմեռային շրջանում ավերածությունները մեզ մոտ ավելի շատ են լինում։ Այս ոլորտում, ինչ խոսք, անելիքներ ունենք, հատկապես բակային տարածքներում և ճանապարհների հետիոտն հատվածներում։ Ճիշտ է, 2003-ից ի վեր այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների ծավալն ավելացել է 5 անգամ, այնուամենայնիվ, բնակիչների թվով Նոր Նորքը մայրաքաղաքի ամենամեծ համայնքն է, ունի 673 բազմաբնակարան շենք, որոնք բոլորն էլ, հատկապես հերթական ձմռանից հետո, բակային տարածքների բարեկարգման խնդրի առջև են հայտնվում։ Բազմաբնակարան շենքերի մի մասի բակային հատվածների բարեկարգման աշխատանքներն այս տարի կավարտենք, որպեսզի կարողանանք ժամանակին լուծել նաև ջրահեռացման խնդիրը (կան շենքեր, որտեղ ջուրը հիմքից է ներս լցվում՝ ստեղծելով ծայրաստիճան վթարային վիճակ)։
«ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ»
-Մայրաքաղաքի բոլոր համայնքներում էլ թիվ մեկ հարց է մնում բնակֆոնդի պահպանումը։ Նոր Նորքն այս առումով ի՞նչ վիճակում է։
-Բնակֆոնդի պահպանման հարցում դժվարություններ, ինչ խոսք, կան, որովհետև մեծ թվով բնակիչների կողմից սպասարկման վարձավճարները չմուծելու պատճառով համատիրությունները ծանր կացության մեջ են հայտնվում, թաղապետարանն էլ իր հերթին ստիպված է լինում աջակցության ծրագրեր կազմել։ Արդյունքում բնակֆոնդի պահպանմանն ուղղված 24 մլն դրամը վերջին տարիներին հասել է 100 միլիոնի։ Գումարները հատկացվում են և՛ հարթ, և՛ թեք-լանջավոր տանիքներ ունեցող շենքերի նորոգման նպատակով։ Ավելացնեմ նաև, որ ձմեռային սառեցումներից խուսափելու համար թաղապետարանը պլանավորել է շենքերի շքամուտքերում հազարից ավելի մետաղյա դռներ տեղադրել, որոնցից 800-ն արդեն տեղադրված է, մնացած 200-ն էլ տեղադրելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք մուտքերի ապակեպատման աշխատանքներին՝ ձմռան ամիսներին կոյուղու ջրագծերի սառեցումներից իսպառ խուսափելու նպատակով։ Գիտեք, որ բնակֆոնդի պահպանման ոլորտում բավականին ցավոտ խնդիր էր վերելակային տնտեսության հարցը, ինչին կառավարությունն արձագանքեց՝ Երևան քաղաքի վերելակային տնտեսության վերականգնմանը հատկացնելով 3 մլրդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում 139 վերելակ կապիտալ վերանորոգման կենթարկվի միայն Նոր Նորքում, 9 վերելակ էլ ամբողջությամբ կփոխարինվի նորերով։ Կառավարության հատկացրած միջոցներից բացի, մոտ 60 մլն դրամ էլ համայնքային միջոցներից կհատկացվի՝ 30 վերելակների կապիտալ վերանորոգման համար։ Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և մինչև տարեվերջ համայնքի վերելակային տնտեսության հետ կապված խնդիրներ այլևս չենք ունենա։
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»
-Սոցիալական աննախադեպ բևեռացումը ծանր վիճակում հայտնված մեր համաքաղաքացիներից շատերին հաճախ է ստիպում թակել թաղապետերի դռները՝ աջակցության տարտամ ակնկալիքով։ Այս բևեռացումը փոքրիշատե մեղմելու նպատակով, որպես կառավարման 6 տարվա փորձ ունեցող թաղապետ, ի՞նչ եք ձեռնարկել։
-Թաղապետարանը սոցիալական ծրագրեր է իրականացնում, որոնցից միայն մեկը՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ կնքած պայմանագրի շրջանակներում, 4 միլիոնից հասել է 25 մլն դրամի։ Առողջապահության ոլորտում օրենսդրական որոշ փոփոխություններից հետո բնակչության մի ստվար հատված զրկվեց պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալու արտոնությունից, ուստի համայնքն իր վրա վերցրեց որոշ խմբերի բուժօգնությունը համապատասխան ծրագրերով մասամբ ֆինանսավորելու գործը։ Սոցիալական որոշակի ծրագրեր են իրականացվում նաև նպատակային գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ։ Զորօրինակ՝ Երկրապահ կամավորականների միությունը, որտեղ 215 զոհված ազատամարտիկների ընտանիքներ են ընդգրկված, 300-ից ավելի վիրավոր ազատամարտիկներ։ Կամ Վետերանների միությունը՝ իր 230 անդամներով։ Այս հասարակական կազմակերպություններին գրասենյակներ ենք հատկացրել ջեռուցվող տարածքներում և հոգացել նաև կահավորման հարցերը։
-Անկախության առաջին տասնամյակում լրջորեն խաթարվեց հատկապես մայրաքաղաքի (և ինչո՞ւ միայն մայրաքաղաքի) մշակութային ու սպորտային դիմագիծը, որն այսօր փորձում է վերագտնել իրեն: Նոր Նորքը, որպես ինտելեկտուալ համայնք, Ձեր թաղապետության վեց տարիներին ի՞նչ փոփոխություններ կրեց այս ոլորտներում:
-Համայնքում տեսանելիորեն աշխուժացել է մշակութային ու սպորտային կյանքը: Եթե նախկինում 30-50 երեխա էր հաճախում յուրաքանչյուր մարզադպրոց, այսօր միայն թիմային մարզաձևերի մարզադպրոցում, որը գտնվում է Նոր Նորքի 3-րդ զանգվածում, երեխաների թիվը հասնում է 600-ի: Ավելի քան 700 երեխա էլ հաճախում է «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն, որի հիմնանորոգման հարցով դիմել էինք նաև հանրապետության նախագահին (40 մլն դրամ այս տարի հատկացվել է արդեն, 100 մլն էլ կտրամադրվի վերանորոգման և ջեռուցման ծրագրերի իրականացման համար): Ցավոք, համայնքն առայսօր լողավազան չունի, սակայն թաղապետարանն այժմ պայմանագիր է կնքում «Ակվատեքս-Արմենիա» ընկերության հետ, համապատասխան տարածք ենք տրամադրել 3-րդ զանգվածի մարզադպրոցի դիմաց և նախատեսել ենք լողավազանի կառուցման աշխատանքներն ավարտել 2009-ի գարնանը: Լողավազանի տարածքում կգործի նաև բուժական թերապիայի բաժանմունքը, իսկ ինչ վերաբերում է գնին, ապա մուտքի արժեքը 100-400 դրամ է նախատեսված, որպեսզի հասու լինի սոցիալական բոլոր շերտերին: Անճանաչելիորեն փոխվել է նաև նախկին մշակույթի տունը, որն առաջ ընդամենը 23 սան ուներ, այսօր` 700, որոնք ընդգրկված են բազմաթիվ խմբակներում:
«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՅՈ՞Թ ԱՄԻՍ ԿԱՇԽԱՏԵՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ, ԹԵ՞ ԵՎՍ ՅՈԹ ՏԱՐԻ»
-Նոր Նորքում ընտրապայքարը քաղաքակա՞ն բնույթ է կրում (չմոռանանք, որ առաջադրված երկու թեկնածուներդ էլ հանրապետական կուսակցության անդամ եք):
-Մելիք Գասպարյանը սեփական նախաձեռնությամբ է առաջադրվել, և իր նախընտրական բուկլետներում էլ ոչինչ չի նշում կուսակցական պատկանելության մասին: Նախկինում աշխատել է թաղապետարանի առևտրի բաժնում և հիմա համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Հանրապետական կուսակցությունն այդ որոշման հետ որևէ կապ չունի, և ես էլ այս կապակցությամբ ավելացնելու ոչինչ չունեմ:
-Դո՞ւք էլ նրան արժանի մրցակից չեք համարում, ինչպես ասել էր Ձեր հայրը` ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, «Իրավունքը de facto»-ին տված հարցազրույցում:
-Ընդհանրապես չեմ սիրում թերագնահատել մարդկանց, միայն կարող եմ ասել, որ ընտրապայքարն ինձ համար ավելի շահեկան հունով է ընթանում, քանի որ համայնքի բնակչությունը լավ է ճանաչում ինձ և ճանաչում է բացառապես կատարված աշխատանքով: Սեպտեմբերի 28-ն էլ այդ աշխատանքին գնահատական տալու օրն է:
-Ընտրապայքարը քաղաքակի՞րթ շրջանակներում է, թե՞, այնուամենայնիվ, «չեպեներ» կան:
-Նոր Նորքը հիմնականում միատարր համայնք է, և բնակչության մեծ մասը նույն ուղղվածությունն ունի: Անկախ նրանից, տեղական բնույթի ընտրություններ են, թե համապետական, դրանք անցնում են առանց տհաճ միջադեպերի, առանց քաշքշուկների, որովհետև այս վեց տարիներին կարողացել ենք նաև բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորել համայնքում: Մելիք Գասպարյանի հետ մենք հանդիպել ենք, պայմանավորվել, որ անձնական վիրավորանքներ չեն հնչեցվելու, և այդ պայմանավորվածությունն իմ կողմից հարյուր տոկոսով հարգվում է:
-Իսկ Ձեր մրցակցի՞ կողմից:
-Մեր տեղեկություններով` մի քանի հանդիպումների ժամանակ նրա կողմից պայմանավորվածությունը խախտվել է:
-Եթե վերընտրվեք թաղապետ` Մելիք Գասպարյանը կշարունակի՞ աշխատել թաղապետարանում:
-Կարծում եմ`ինքն իրեն այդպիսի բան թույլ չի տա: Ես էլ թույլ չեմ տա: Ճիշտ է, այս պահին թափուր պաշտոնների համար թաղապետարանում մրցույթ է հայտարարված, և ինքն էլ կարող է մասնակցել դրան, սակայն կհաղթի, թե ոչ, չեմ կարող ասել:
-Յոթ ամիս հետո, Երևանի մասին նոր օրենքի տառին համահունչ, նոր թաղապետեր են նշանակվելու, ընտրության ինստիտուտը վերանալու է: Արժե՞ր այդ կարճ ժամանակահատվածի համար մեծ-մեծ գումարներ ծախսել, նյարդեր փչացնել, փոխհարաբերություններ ճշտել և այլն:
-Անցյալ դարի 70-ականներից ես բնակվում եմ այս համայնքում, մեր ընտանիքն արդեն մի մեծ գերդաստանի է վերածվել, և մարդկային հարաբերությունների առումով այնքան նորմալ, ջերմ վերաբերմունք է ձևավորվել, որ Նոր Նորքն ինձ համար դարձել է մի մեծ ընտանիք: Եվ կապ չունի, յո՞թ ամիս կշարունակեմ աշխատել որպես համայնքի ղեկավար, թե՞ ևս յոթ տարի: Ընդամենը շարունակելու եմ ապրել ու իմ կարողությունները ներդնել մեր մեծ ընտանիքում: Ինչ վերաբերում է ոչ միայն այս, այլև ընդհանրապես ընտրություններին, իմ մոտեցումը մշտապես նույնն է եղել. թողնենք` ժողովուրդը սեփական կամքով նորմալ ընտրություն կատարի:
Պատրաստեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4624

Մեկնաբանություններ